Հայաստանի պարի պետական անսամբլ

Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։ Սկզբնական շրջանում հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 16 տղա, 14 աղջիկ և 8 երաժիշտ: Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան) և Վարդգես Ռաշիդյանը։ Ինքնատիպ մեկնաբանությամբ են բեմադրվել «Սասունի պարերը», «Բերդը», «Սրերով պարը», «Շորորը», «Զանգեզուրը», «Կովկասյան պարը» և այլ պարեր՝ պահպանելով հայկական ժողովրդական պարերի ավանդույթները: Ստեղծումից մեկ տարի հետո՝ 1959թ-ից անսամբլը սկսեց հյուրախաղերը սկզբում խորհրդային երկրներում, հետո` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և այլուր։ 1966թ. Էդվարդ Մանուկյանին փոխարինել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ազատ Ղարիբյանը, ով երկու տարվա ընթացքում անսամբլում բեմադրել է մի շարք պարեր՝ «Տրեխներ», «Պարմանի», «Իլիկներով պար», «Ադաթ» և այլն։ 1968թ․ անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր է նշանավել Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, ում ղեկավարման տարիներին անսամբլում բեմադրվել են շուրջ 120 պարային համարներ, որոնք երկար տարիներ մնացել են անսամբլի պարացանկում. դրանցից են՝ «Կինտոների պար», «Հովիվների պար», «Սարդարապատ», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», Ա.Խաչատրյանի «Սրերով պար», «Ուզունդարա», «Լեզգինկա», Ա․Հարությունյանի «Քարավան», Խ.Ավետիսյանի «Կակաչներ», Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Սասուն» ազգագրական պարերի շարք և այլն: Նրա ղեկավարությամբ անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին: 1971թ. նշանակալից են եղել անսամբլի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ Այնուհետև հյուրախաղերով հանդես են եկել Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում` Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և այլուր: 1974թ. անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների մի շարք քաղաքներում։ Անսամբլում պարել են այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Ռաշիդ Կարապետյանը, Զեմֆիրա Երիցյանը, Մինաս Խաչատրյանը, Աիդա Հարությունյանը, Հարություն Կարապետյանը, Լևոն Գասոյանը, Ալբերտ Կիզիրյանը, Ժասմենա Ավետիսյանը, Կարինե Ղազարյանը, Սոֆի Դևոյանը, Սերժ Պոտոյանը, Սուրեն Չանչուրյանը, Նորայր Մեհրաբյանը, Գագիկ Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Վյաչեսլավ Անգուրովը, Պետրոս Ղարիբյանը և այլք: 1992-93թթ անսամբլը ղեկավարել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանը, իսկ 1993-2005թթ՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը: 1995-98թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել առաջատար պարող Գագիկ Կարապետյանը, իսկ 2005-07թթ` գեղարվեստական ղեկավարը: Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել են «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարերի շարան», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլ պարային համարներ: 2007-23թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Կարապետյանը: 1976թ. անսամբլը դարձել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1978թ. արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2023-24թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Քալաշյանը: Անսամբլի երաժշտական մասը 1999թ-ից ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը: 2024թ․ անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը։

Պարախումբ

Նվագախումբ