Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ

1987թ. դեկտեմբերի 17-ին բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» պետական անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով՝ ի նշան խորհրդային երկրների բարեկամության: Հայկական ազգային պարը անսամբլի միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռուբեն Ալթունյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների վրա բեմադրված պարերից, բեմադրվել են նաև պարային համարներ Մոցարտի, Ա.Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կառլ Օրֆի և այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա: Անսամբլում բեմադրվել են հետևյալ պարերը՝ «Հոյ Նազան», «Ալ-Այլուղս», «Ազգագրական պարերի շարք», «Գյումրվա շորոր»,  «Սիրեցի, յարս տարան», «Թամզարա», «Մեր Դարը», Ա.Խաչատրյանի «Լեռնեցիներ», «Վարդագույն աղջիկներ», «Լեզգինկա», «Գարուն Երևան», «Ուզունդարա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Չինարես», Խ.Ավետիսյանի «Զարթոնք», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրն», Ռ.Ամիրխանյանի «Հայի աչքեր», Խ.Ներսիսյանի «Խաղ-պար», Տ.Մանսուրյանի «Մեղեդի», «Գարուն», Ա.Տերտերյանի «Եռաբլուր», Գ.Երանյանի «Կիլիկիա», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս», Գ.Եղիազարյանի «Վաղարշապատ» և այլն: Բեմադրվել են նաև այլ ազգերի պարեր՝ ուկրաինական, լիտվական, վրացական, մոլդավական, գնչուական, ռուսական, ուզբեկական, հունական, արաբական, հրեական, իսպանական, հնդկական, բելոռուսական, իտալական, բուլղարական, Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ա.Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ռ.Դավթյանի, Գ.Եղիազարյանի, Է.Բաղդասարյանի «Մարո», Ա.Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտսաի, Ա.Հովհաննեսի, Յ.Բախի «Արշիլ Գորկի» մեկակտանի խորեոգրաֆիկ նեկայացումները, Էլթըն Ջոնի «Ճանապարհ», Լորիս Ճգնավորյանի «Վերջին Կենտավրոսի մահը», Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա», Ավետիս Բերբերյանի «Մենություն» բեմադրությունները: Հյուրախաղերով անսամբլը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Իրան, Չինաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իսրայել, ԱՄԷ, Ռուսաստան, Անգլիա, Սիրիա, Հնդկաստան, Գերմանիա, Ուկրաինա, ԱՄՆ, Եգիպտոս: 2009թ. անսամբլը ներգրավվել է «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում /բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ/: 2008թ. անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2013թ. անսամբլը մասնակցել է «Super Dance from folk to modern» պարի միջազգային փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի։ 2015թ. իրականացրել է «Երգենք և պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «Բարեկամութան կամուրջներ» խաղաղասիրական համերգը` Եվրոպայից և Արևելյան գործընկերության 8 երկրներից  ժամանած 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ: Նույն թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ «Հզոր զգացմունքներ» պարային շոուի հետ ներկայացել է «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերայով: 2019թ. անսամբլ պետական այցով մեկնելլ է Պեկին` մասնակցելու «Ասիական քաղաքակրթական ֆորում» գալա-համերգին: Նույն թվականին Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացրել է պրեմիերա՝ «Մարո» պոեմի հիման վրա ստեղծված համանուն մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը, որը  ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2021թ. անսամբլի պարացանկը համալրվել է «Լույս ի լուսո» խորեոգրաֆիկ ներկայացումով՝ նվիրված ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին, իսկ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված պետական միջոցառման շրջանակներում ներկայացրել է պրեմիերա՝ «Անկախության կերտում» բեմադրությունը: 2022թ. «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում անսամբլը ներկայացրել է պրեմիրերա` առասպելաբանական հնագույն վեպի հիման վրա ստեղծված «Լեգենդ Հայկի մասին» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը։ Անսամբլում խորեոգրաֆիկ բեմադրություններ է իրականացրել նաև բալետի արտիստ, բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2023թ․ անսամբլը Հունաստանի Ագրինիո քաղաքում մասնակցել է պարի միջազգային փառատոնի։ 2024թ․ Երևանի Օպերային թատրոնում հանդես է եկել Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Բալետ Փարաջանով» պարային ներկայացմամբ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ 2024թ․ անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել Զոհրաբ Բակալյանը:

Պարախումբ