Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 1999թ. ավարտել է թիվ 136 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ 1990-96թթ սովորել է Երևանի Ղ.Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի պարարվեստի բաժնում, 1998-2000թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասատուական բաժնում, 2000-05թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվետի ռեժիսուրա բաժնում: 2011-12թթ աշխատել է նույն ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես բալետի պատմության դասախոս: Տարիներ շարունակ հրավիրվել է մագիստրոսական թեզերի պաշտպանությանը որպես ընդդիմախոս: 2007-12թթ աշխատել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջազգային գիտակրթական համալիրի պարի ստուդիայում որպես հայկական ժողովրդական պարի պարուսույց: 2010թ. Ա.Շիրակացու անվան ճեմարանի կողմից ստացել է պատվոգիր: 2005թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլում հանդես է եկել հետևյալ պարային համարներում՝ «Բերդ», «Կակաչներ», «Կոմիտաս», «Արցախի», «Ով հայոց աշխարհ», «Էնզելի», «Քոչարի», «Բալենի», ազգագրական պարեր և այլն: Անսամբլի հետ հյուրախաղերով շրջագայել է ՀՀ մարզերում, Մարսելում, Փարիզում, Իսպանիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում, Սոչիում, Արմավիրում, Կրասնոդարում, Վրաստանում, Ստամբուլում, Դուբայում, Քուվեյթում և այլուր: 2015թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի: