Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2000-03թթ թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը: 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2001թ-ից նկարահանվել է երաժշտական և գովազդային հոլովակներում, ֆիլմերում: 2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների: 2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես հաղորդավար: Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը: 2010-16թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, ապա՝ պրոդյուսեր: 2010թ. հիմնել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է եղել մինչ 2016թ.: Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ: 2011թ-ից զբաղվել է պրոդյուսերական գործունեությամբ, եղել է մի շարք երաժշտական խմբերի ու արտիստների պրոդյուսերը: Նույն թվականին հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել: 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարան: 2013թ. եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը: 2015թ. հեղինակել է «Հայտնի և Անհայտ» մշակութային հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր հանդես է եկել Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար Գասպարյանի, Էլվինա Մակարյանի, Վանուշ Խանամիրյանի և այլ հայտնի արվեստագետների ֆիլմաշարերում: Նույն թվականից դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: 2016թ-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: 2016-17թթ եղել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակը: 2018թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2019-22թթ ղեկավարել է Հայաստանի երգի պետական թատրոնը: 2020թ. հիմնել է նվագախումբ, որն սկզբնական շրջանում եղել է թատրոնի կազմում, ապա հանդես եկել առանձին կազմով: 2022թ. որպես դերասան նկարահանվել է «ՕԹԹԿ» գեղարվեստական ֆիլմում: Իրականացրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Էլվինա Մակարյան 70» (2020թ.), «Առնո Բաբաջանյան 100» (2021թ.), «Ֆրանսիան մեր բարեկամն է. Միշել Լեգրան 90, Ժորժ Կառվարենց 90» (2022թ.), «Կարեն Դեմիրճյան 90» (2022թ.), «Պարի միջազգային օր» (2023թ.), «Ազատ Ղարիբյան 100» (2023թ.), «Պարի պետական անսամբլ 65» (2023թ.), «Ալթունյան անսամբլ 85» (2023թ.) և այլն: Համերգային նախագծեր է իրականացրել ՀՀ մի շարք սահմանամերձ համայնքներում և խոշոր քաղաքներում: 2022թ. հիմնել է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը: Նույն թվականից ղեկավարում է Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը: