Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Ստեղծվել է 2005թ. ապրիլի 30-ին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Սկզբից ևեթ այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները: Իր գործունեությամբ նվագախումբը կամրջել է ժամանակները և ապահովել հին և նոր սերունդների փոխկանչը ու շարունակական երթը: Բարձրագույն կոնսերվատորիական և ասպիրանտական կրթությամբ շուրջ 40 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի երկացանկը ներառում է թե՛ անցյալի հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդիների ժամանակակից մշակումներ, թե՛ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Հայկական ազգային նվագարանների միջոցով միաժամանակ մատուցվել են եվրոպական կոմպոզիտորների (Բիզե, Բրամս, Պիացոլլա և այլք) ստեղծագործություններ` դրանց հաղորդելով յուրօրինակ գրավչություն և նորօրյա շունչ: Գործունեության ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական և էստրադային հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, իսկ շատ երիտասարդ սկսնակ կատարողների համար հարթել հայտնիության ճանապարհ: Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ոչ միայն երևանյան համերգասրահներում, այլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում: Բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում և ՀՀ զինվորական հաստատություններում, մասնակցություն ունեցել երաժշտական մի շարք նախագծերին («Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս» և այլն), «Հայաստան» համահայկական փառատոնին, տարբեր արտիստների ձայնասկավառակների թողարկմանը, որոնցից է «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններ` պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա և այլն: Նվագախմբի հետ կայացել են ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերի, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգները: Տարբեր համերգների մասնակցել է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը: Իրականացվել է կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի ստեղծագործություններից կազմված հեղինակային համերգ: Նվագախումբը կազմակերպել է նաև հոբելյանական երեկոներ` նվիրված հայ անվանի արվեստագետներին` Վլադիլեն Բալյանին, Մանվել Բեգլարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հովհաննես Բադալյանին և այլոց: Համագործակցել է հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև տարբեր կրթական և մշակութային կառույցների հետ: Մասնակցել է մի շարք պետական միջոցառումների համերգային ծրագրերին: Համերագային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստանում: Նվագախմբի կազմում ընդգրկված են հետևյալ ազգային երաժշտական գործիքները` թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, սանթուր, շվի, սրինգ, դհոլ այլն: Նվագախումբն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին: 2022թ. Հանրային ռադիոյի ֆոնդի համար ձայնագրվել է 7 ստեղծագործություն՝ Խ.Ավետիսյանի «Տոնական նախերգանք», «Կոնցերտ» շվիի համար, Գ.Հախինյանի «Պարային սյուիտ» /1-4-րդ մասեր/, Ա.Ներսիսյանի «Դլե յաման», Ժ.Բիզեի նախերգանքը «Կարմեն» օպերայից, Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», Ա.Գևորգյանի «Նաիրուհի»: 2023թ. նվագախումբը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: Նվագախմբի երաժշտական ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Նվագախումբ