Ծնվել է 1981թ. հուլիսի 17-ին, Երևանում։ 1989-95թթ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի քամանչայի բաժնում։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո մինչ 2005թ. սովորել է Երևանի Մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում որպես քամանչահար: Ընթացքում մասնակցել է համերգների Երևանում, Հայաստանի մարզերում և Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում։ 1996-2000թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի բաժնում։ Մեկ տարի անց ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ավարտել է 2006թ.՝ ստանալով քամանչահարի և ժողովրդական նվագարանների դիրիժորի մասնագիտություններ։ Մասնակցել է մի շարք մրցույթների, արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման։ 1999-2000թթ աշխատել է «Էրեբունի» պարային համույթում, 2003-18թթ՝ Հայաստանի ագրարային համալսարանի «Երգի-պար» խմբում: Զուգահեռ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Որպես քամանչայի դասատու 2000-04թթ աշխատել է Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցում, 2004թ-ից աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 2005թ-ից` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում, 2012թ-ից` Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում, 2017թ-ից` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 2019թ-ից՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։