Ծնվել է 1984թ. մարտի 23-ին, ՀՀ Ջերմուկ քաղաքում։ Սովորել է Ջերմուկի միջնակարգ դպրոցում և միաժամանակ արվեստի 7-ամյա դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժնում: 1995թ. մասնակցել է «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» երգի մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման: 1997թ. տեղափոխվել է Երևան, որտեղ շարունակել է ուսումը Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցում: 2000թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության և երգեհոնի բաժիններ: Ուսանել է Արզաս Ոսկանյանի մոտ վոկալ, իսկ Վահագն Ստամբոլցյանի մոտ` երգեհոն: 2003թ. Անդրանիկ Մանուկյանի հետ հիմնադրել է «Սասնո տուն» ձայնագրման ստուդիան: 2003թ. գրել է «Ափոն կանչեց» ֆիլմի երաժշտությունը: 2006թ. իր գործիքավորմամբ իրականացրել է «Հայոց Աշխարհիկ» խորագրով համատեղ մենահամերգ` Անդրանիկ Մանուկյանի հետ, որում ներառված էին հատընտիր ֆոլկ երաժշտության ու տաղերի յուրահատուկ նմուշներ: 2006թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է Երևանի Սպայի տանը: Լինելով «Զորական» համույթի գործիքավորողը, այդ ընթացքում հասցրել է մշակել ավելի քան 1000 երգ։ 2008թ. հիմնել է «Գաթա բրենդ» համույթը, եղել է «Լիլի», Նորայր Քարտաշյանի «Ծառաստան» ձայնասկավառակների համահեղինակ: 2009թ. աշխատել է Նորայր Քարտաշյանի «Վան» նախագծում որպես երգիչ ու գործիքավորող: Խմբով համերգներ է ունեցել Արևմտյան Հայաստանի` այժմյան Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում: 2010թ. հեղինակել է «Տեր ողորմյա» ֆիլմի երաժշտությունը: Նույն թվականին Քալան Մյուզիք ձայնագրման ստուդիայի հրավերով մասնակցել է «Երգարան» նախագծին` ձայնագրվել ու գործիքավորել է 2 կոմիտասյան վերծանված երգեր: Նույն թվականից ուումնասիրել է հայկական բոլոր նվագարանները: 2012թ. «Գաթա բրենդ»-ով մասնակցել է «Ծովից ծով» միջազգային փառատոնին որպես հատուկ հյուր: 2013թ. ձայնագրել է Գաթայի առաջին «Տոտիկ» ձայնասկավառակը: 2013-18թթ եղել է Հայաստանի Թ․Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի արտիստ, մասնակցել անսամբլի հին գործիքավորումների վերականգմանը, վերծանմանը: 2014թ. գրել է «Պարսկական Ծիրանի Կորիզներ» ֆիլմի երաժշտությունը: 2017թ. Գրեմմիի մրցանակակիր, երգչուհի Ջոսս Սթոունի հետ թողարկել է «Դոնե յար» տեսահոլովակը: Համագործակցել է բազում երաժիշտների հետ՝ Գևորգ Դաբաղյան, Գուրգեն Դաբաղյան, Ներսիկ Իսպիրյան, Արաբո Իսպիրյան, Արսեն Գրիգորյան, Արփի, Սևակ Ամրոյան և այլք: Գործիքավորել է Արփիի «Մախմուր աղջիկ», «Զեփյուռ կդառնամ» և բազում երգեր: 2019թ. «Գաթա բրենդ»-ի կազմով մենահամերգով ելույթ է ունեցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2020թ. ձայնագրել է «Գաթա բրենդ»-ի 2-րդ ձայնասկավառակը` «Ցորեն գարի» անվանմամբ: 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես գործիքավորող, 2023թ-ից՝ որպես երաժշտական ղեկավար: 2022թ. որպես երկրորդ կոմպոզիտոր մասնակցել է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ստեղծմանը: Հեղինակել է մի շարք միջոցառումների երաժշտություններ՝ Ֆրանկոֆոնիայի բացում, «Անահիտ» մրցանակաբաշխություն (2022թ․), Երևանում կայացած ծանրամարտի առաջնության բացում (2023թ.) և այլն: 2024թ․ «Ալթունյան» անսամբլի կազմով հյուրախաղերով շուրջ մեկ ամիս հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։