Գաբրիել Խուդեդա

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1997թ. հունվարի 4-ին, Երևանում: 2011թ. ավարտել է Երևանի Ա.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցը: Դպրոցին զուգահեռ կատարել է պարային առաջին քայլերը «Սիս» պարային համույթում։ 2011-14թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում՝ Նորայր Մեհրաբյանի և Սրբուհի Բաբայանի ղեկավարոթյամբ: 15 տարի զբաղվել է լատինոամերիկյան և եվրոպական պարաոճերով՝ «Կաստանետ» պարային համույթում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Դարձել է Հայաստանի և Կովկասի եռակի հաղթող, մասնակցել է Համահայկական 6-րդ խաղերին՝ զբաղեցնելով առաջատար հորիզոնականներ: Մասնակցել է նաև Մոսկվայում կայացած «BRICS» միջազգային փառատոնին: Զուգահեռ որպես պրակտիկա հաճախել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ: 2018թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությամբ (Վիլեն Գալստյանի արվեստանոց): 2020թ. ավարտել է նաև նույն ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան (Աննա Կարապետյանի ղեկավարությամբ): Ներկայացրել է «Մնջախաղի տարրերը պարարվեստում» մագիստրոսական թեզը, որտեղ ուսումնասիրել է մնջախաղի առանձնահատկությունները և փոխադարձ կապը պարարվեստի հետ: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: Հանդես է եկել թատրոնի խաղացանկային ներկայացումներում՝ «Ուշ լինի նուշ լինի», «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն», «Պլը Պուղի», «Հրավիրված ե՞ք ծնունդի», «Երազների աշխարհում», «ԿոշկավորԿատուն»: Համագործակցել է Երևանի Մնջախաղի պետական և Ուսանողական թատրոնների հետ: Կերտել է մի շարք կերպարներ ինչպես կատակերգական, այնպես էլ ողբերգական՝ «Մահը թակում է դուռը», «Սալվադոր Դալի», «Եվգենի Օնեգին», «Գրիգոր Նարեկացի», «Դորիան Գրեյի դիմանկարը», «Շախ», «Ռոդեն», «Սայաթ-Նովա», «Արհամարանք», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Շառլ», «Իռմա», «Ագռավը», «Ֆռանկենշտեյն»: Հեղինակել է բեմադրություններ, որոնք ընդգրկվել են Ուսանողական թատրոնի խաղացանկում (Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պարային ներկայացումը, հյուրախաղերով հանդես է եկել ԼՂ-ում): Բեմադրել է «Իռմա» պարային ներկայացումը, որն իր մասնակցությունն է ունեցել «Աբովյան իմ պարի քաղաք» փառատոնին: Բեմադրել է նաև Էդգար Ալլան Պոի «Ագռավը»։ Աշխատել է որպես խորեոգրաֆ Գ.Լորկայի «Արյունոտ հարսանիք» դրամատիկական ներկայացման մեջ: 2021-22թթ աշխատել է Անանիա Շիրակացու անվան միջազգային գիտակրթական համալիրում: 2020թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ դասավանդում է պարարվեստի ռեժիսուրա ամբիոնում, իսկ 2021թ-ից զուգահեռ դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2022թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։ Հանդես է եկել հետևյալ պարային բեմադրություններում՝ «Պայքար», «Հունական», «Իսպանական», «Գնչուական», «Խաղ պար», «Թամզարա», «Գարուն Երևան», «Զարթոնք», «Վալս», «Ազգագրական», «Հոյ նազան», «Սուսերով պար», «Լեռնեցիների պար», «Բուլղարական պար», «Քոչարի», «Շամիրամի տեսիլքը» և այլն: Հյուրախաղերով եղել է Փարիզում, Մարսելում: 2024թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love