Ծնվել է 1960թ. ապրիլի 5-ին, ՀՀ Թալին քաղաքում: 1977թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին նշանակվել է Թալինի թիվ 2 մանկապարտեզում որպես երգ-երաժշտության դաստիարակ։ 1978թ. տեղափոխվել է շրջանային պիոներ-տուն որպես երգ- երաժշտության խմբավար։ 1979-83թթ սովորել է Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանի դասական վոկալի բաժնում։ 1983-2000թթ աշխատել է Թալին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես երգ-երաժշտության ուսուցչուհի։ 1989թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը՝ օլիգոֆրեն-մանկավարժ և լոգոպեդ մասնագիտությամբ։ 2000-02թթ եղել է ՀՀ Արագածոտն մարզի Աշնակ գյուղի Հայֆիլհարմոնիկին կից «Ժողստեղծագործական և ազգային պարի թատրոն» ստուդիայի տնօրենը։ 1979թ. որպես մեներգչուհի ընդունվել է Լուսաշխի տանը գործող ազգագրական համույթ՝ ազգագրագետ-բանահավաք Մարո Մուրադյանի ղեկավարությամբ, որը հետագայում վերանվանվեց «Ակունք» ազգագրական համույթ։ Մինչ օրս որպես արտիստ աշխատում է համույթում, որը 2023թ-ից գործում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։