ՀԱՄԵՐԳ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ՄԵԾԱՆՈւՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
2024թ. ապրիլի 25-ին լրացավ հայ մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակը:
Այդ օրը Հայաստանի «Գուսան» պետական անսամբլը հանդես եկավ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ. ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ 100» համերգային ծրագրով, որը նվիրվեց Վարպետի հոբելյանին:
Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։
Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (Թաթուլ Ալթունյանի դասարան, 1952) և ստեղծագործական (Գրիգոր Եղիազարյանի դասարան, 1967) բաժիններում:
1952-1954 թվականներին եղել է Լենինականի երաժշտական ուսումնարանի (այժմ՝ Գյումրու՝ Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարան) տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։
1966թ. մինչև 1972 թվականը ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ փաստացի դառնալով մշակութային այդ օջախի հիմնադիր-տնօրենը։ 1972-1975 թթ. եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ:
Մահացել է 2021 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքում՝ 97 տարեկանում։
Համերգային երեկոյի ընթացքում կատարվեցին Վարպետի ստեղծագործությունները, իսկ հանդիսատեսի շարքերում ներկա գտնվեցին Վլադիլեն Բալյանի որդին և թոռը, ովքեր իրենց հիացմունքն ու գոհունակությունը հայտնեցին համերգի ավարտին: