Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Գուսան» պետական անսամբլն մարտի 31-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկավ «ԱԼԹՈւՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳԸ» խորագիրը կրող համերգային ծրագրով, որը նվիրված էր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 85-ամյակին:
Անսամբլի արտիստները երեկոյի ընթացքում ունկնդրին ներկայացրեցին Ռուբեն Ալթունյանի մշակմամբ մի շարք գուսանական և ժողովրդական երգեր: Հնչեցին Սայաթ-Նովայի, աշուղներ Հավասիի, Շերամի, Հայկազունի, Երամի և Ջիվանու ստեղծագործությունները, ժողովրդական երգերի շարաններ և վարիացիաներ ժողովրդական պարի թեմաներով:
Հայ կոմպոզիտոր, ալտահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ. մարտի 31-ին: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, խմբավար Թաթուլ Ալթունյանի որդին է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի եղբայրը։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ 1969 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2006 թթ. եղել է լարային քառյակի ամբիոնի վարիչը։ 1970 թվականից անդամակցել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությանը։ 1974-1977 թթ. աշխատել է Հավանայի կոնսերվատորիայում։ 1983 թվականին հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը։ 1987-1990 թթ.աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2001 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի, 2009 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, 2009 թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է 2021թ. նոյեմբերի 21-ին` 82 տարեկանում:
Վարպետն իր ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է կոնցերտներ, սոնատներ, լարային կվարտետի համար նախատեսված գործեր, ծես-հանդեսներ կանտատ, Սիմֆոնիա, կոնցերտ-սիմֆոնիա, բալետ-օրատորիա, ժողովրդական նվագարանների համար գրված և այլ տեսակի շատ ստեղծագործություններ:
Կատարել է 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար: Իրականացրել շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար: Գրել է երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։
Բավականաչափ մեծ է Ռուբեն Ալութնայնի վաստակը հայկական ժողովրդական երաժշտարվեստի զարգացման գործում, որին անդրադարձ կատարվեց Մաեստրոյի հիմնադրած գուսանական և ժողովրդական երգի համույթի կողմից: