Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Կանանց միամսյակին նվիրված նախաձեռնեց հինգ համերգ, որոնք նվիված են կանանց և աղջիկներին՝ «Կանանց համար» խորագրով։
Մարտի 10-ին և 17-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացավ Հայաստանի պարի պետական անսամբլը, մարտի 12-ին և 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, իսկ մարտի 30-ին՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։
Մարտի 10-ի և 12-ի համերգները կայացավ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Հայաստանի պարի պետական անսամբլը նաև մեկնարկեց 66-րդ համերգաշրջանը։ Համերգային տոնական ծրագրում ներառված էին անսամբլի ամենավառ ու գունեղ կատարումները։ Երեկոյի ընթացքում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը Հայաստանի պարի պետական անսամբլի 65-ամյակի կապակցությամբ պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալից ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալ հանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտական մասի ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանին և անսամբլի մենապարող Արթուր Զաքարյանին։
Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլն էլ կանանց նվիրեց իր պարացանկի հայտնի և սիրված կատարումները՝ «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայից մինչև Մոցարտ, Սայաթ-Նովայից մինչև Արամ Խաչատրյան, ազգագրականից մինչև գնչուական։
Իսկ մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային նվագարանների` «Կանանց համար» խորագիրը կրող տոնական համերգը, որը եզրափակեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կողմից կանանց մեկամսյակին նվիրված միջոցառումների շարքը:
Երեկոյի ընթացքում, դիրիժոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ ազգային նվագարանները ունկնդրին ներկայացրեցին Արամ Խաչատրյանի «Լեզգինկան», «Սուսերով պարը», Խաչատուր Ավետիսյանի «Տոնական նախերգանքը», «Որտեղ գտնեմ քեզ», «Կախարդված ծաղիկներ», Ժորժ Բիզեի «Նախերգանք Կարմեն օպերայից», Յոհաննես Բրամսի «Հունգարական պարը» և այլ հայտնի ստեղծագործություններ:
Կատարումներով հանդես եկան Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը և Վահե Մարգարյանը: