Մարտի 15-ին և 16-ին հայ հանդիսատեսը վայելեց հայ-ֆրանսիական համագործակցությամբ աննախադեպ պարային ներկայացումը՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին, որի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Ներկայացման երևանյան պրեմիերան տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի ֆինանսավորմամբ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ:
«Նռան գույնը» պարային բեմադրության ֆրանսիական առաջնախաղը տեղի էր ունեցել մինչև այդ՝ 2024 թվականի հունվարի 19-20-ին՝ Ֆրանսիայի «Տոբոգան», այնուհետև հունվարի 26-ին՝ «Գասկոն» թատրոններում։ 2024 թվականի մարտի 18-ին բեմադրությունը ներկայացվեց նաև Վրաստանում՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում՝ արժանանալով վրացի բարձրաճաշակ հանդիսատեսի առանձնահատուկ ջերմ ընդունելությանը:
Նախագծի կազմակերպիչը, գաղափարի հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է, պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին:
Հայաստանից հրավիրված պարողները երկուսն են՝ Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի մենապարող Սվետլանա Մխիթարյանը և պարուհի Տոմա Այդինյանը: Աղջիկները ցուցաբերում են պարային տարբեր ոճերում դրսևորվելու փայլուն ունակություն և հմտություններ: Սակայն Սվետլանա Մխիթարյանի կերպարը, որ դարձյալ հղում է Փարաջանովի «Նռան գույնի» հերոսուհուն, դառնում է տարբեր տեսարանների խորհրդանիշը, առանցքը՝ շնորհիվ պարուհու ձեռքերի ընդգծված պլսատիկայի՝ փարաջանովյան ժեստերի սիմվոլիկ լեզվով, հայկական պարին բնորոշ նազանքի, վարպետության և դիմագծերի վեհաշուք գեղեցկության: