«Ջիվան ջան, երազանքս է համերգ տամ իմ անսամբլի՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի հետ: Որպես երաժիշտ ես այդտեղ եմ ձևավորվել, կայացել ու ճանապարհ հարթել՝ դեպի մեծ բեմեր, դեպի համաշխարհային ճանաչում» /Ջիվան Գասպարյան/:
Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պապի պատգամը իրականություն դարձրեց թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը։ Կայացավ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական գալա-համերգը։
Համերգի համար մշակվել էր հատուկ ծրագիր։ Արխիվային նյութերից պատրաստված և հայտնի արվեստագետների հուշերից հավաքագրված վավերագրական տեսաֆիլմով անդրադարձ կատարվեց Ջիվան Գասպարյանի կենսագրական և ստեղծագործական կյանքին, իսկ երեկոյի համերգային բազմաժանր ծրագիրն իրենից ներկայացնում էր հայկական դուդուկի մեղեդիներ, հայկական ժողովրդական երաժշտություն, էթնո-ջազային կոմպոզիցիաներից մինչև հանրահայտ ֆիլմերի երաժշտություններ։
Համերգի ողջ ընթացքում բեմում էր Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը։ Իրենց կատարումներով հանդես եկան նաև Ջիվան Գասպարյան կրտսերը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գարեգին Առաքելյանը և «Գաթա Բենդ» խումբը։
Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհում։ Ջիվան Գասպարյանի շնորհիվ դուդուկը աշխարհին ներկայացվեց նորովի և երկար տարիներ այս հինավուրց հայկական երաժշտական գործիքի համբավը տարածվեց ամբողջ աշխարհով: Ազգանվեր ժառագություն թողնելու համար հոբելյանական երեկոյին իրենց մասնակցությունն ունեցան անվանի երաժիշտներ, խմբեր: