Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Զարկ» հիմնադրամը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել է տոնական հանդիսություն՝ պետական անսամբլների մասնակցությամբ։ Միջոցառման մեկնարկը տրվել է կարմիր գորգի արարողությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնատար անձինք։ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ, շնորհավորելով ներկաներին, ընթերցեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը։
Համերգային երեկոյին հանդես եկան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն», Թ.Ալթունյանի անվան երգի-պարի և Պարի պետական անսամբլները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը։
Ներկայացվել են տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։ Նշենք, որ 2023 թվականը հոբելյանական է. նշվում են Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։
Այսպիսով, «Զարկ» հիմնադրամը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը կարևորեցին պարարվեստի հանրահռչակումը մեր երկրում և պարարվեստի ներկայացուցիչների համար օրը դարձրեցին տոնական և նշանակալից: