Տիգրան Հովհաննիսյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոցը: 1993-99թթ սովորել է Երևանի Շենգավիթ համայնքի Գեղագիտական կենտրոնի ազգային նվագարանների դպրոցի դհոլի դասարանում (դասատու` Հրաչ Հակոբյան), զուգահեռ սովորել է երկրորդ գործիք`սանթուր: 1995-2000 թվականներին հաճախել է «Սասուն» ազգագրական երգ ու պարի համույթ: 1999-2006թթ ուսումը շարունակել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնում: Ստացել է գործիքային կատարողականության որակավորում: 2005-12թթ աշխատել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դհոլահար, 2006-10թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում: 2005թ-ից դասավանդում է Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, 2012թ-ից՝ Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: 2013թ-ից աշխատում է «Նաղաշ» անսամբլում, 2019թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում: Համագործակցել է մի շարք խմբերի՝ Հայաստանի ջազային պետական նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ պետական նվագախմբի, «Գաթա Բենդ» խմբի, անհատ կատարողներ Էմմանուել Հովհաննիսյանի, Գևորգ Դաբաղյանի, Վահագն Հայրապետյանի, Վարդան Բադալյանի, Արամայիս Նիկողոսյանի, Ավագ Մարգարյանի, Անդրանիկ Սարկավակ Մանուկյանի, Սահար Մուհամադի (Իրան) այլն։ Տարբեր համույթների հետ մասնակցել է միջազգային փառատոների: Համերգներով հանդես է եկել աշխարհի 30 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Մարոկկո, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Պորտուգալիա և այլն՝ ներկայացնելով հայկական ազգային երգն ու երաժշտությունը: Ստացել է մի շարք շնորհակալագրեր։ Ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիա» և այլն։

Spread the love