Նունե Գրիգորյան

Գլխավոր բալետմայստեր

Ծնվել է 1968թ. փետրվարի 10-ին, Երևանում: 1973թ. հաճախել է Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնի «Գարուն» ժողովրդական պարերի անսամբլ: 1981-86թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում: Ավարտելուն պես հրավիրվել է Ազատ Ղարիբյանի հիմնադրած «Կռունկ» անսամբլ որպես մենապարուհի: Անսամբլի կազմում հյուրախաղերով մեկնել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Ավստրալիա, Բուլղարիա, Թուրքիա, Սիրիա և այլուր: Մենապարել է հետևյալ պարերում՝ «Էլեգիա», «Հարսանիք», «Մոկաց հարսներ», «Կռունկ», «Հուշեր», «Տավիղ», «Վաղարշապատ», «Միրզայի քարթուլի», Ա.Բաբաևի «Նազ մի անի», Վիլեն Գալստյանի բեմադրած «Սուսերով պար»: 2000թ. Գագիկ Ավդալյանի հետ միասին հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը՝ պահպանելով ղարիբյանական ձեռագիրը: Անսամբլի կազմով մի շարք համագործակցություններ է ունեցել Վրաստանի պարային խմբերի հետ, ներկայացել համերգներով: 2002-12թթ զուգահեռ աշխատել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի հայկական պարերի բաժնում: Բազմիցս հրավիրվել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վերաբեմադրելու ղարիբյանական պարերը: «Կռունկ» անսամբլի կազմում արժանացել է բազմաթիվ մրցանակների և մասնակցել միջազգային փառատոների: Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության գեղարվեստական խորհրդի անդամ է: Որպես ժյուրիի անդամ 2023թ. հրավիրվել է ՌԴ Կրասնոդար քաղաք՝ մասնակցելու «Նոր շունչ» փառատոնին: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2017թ.՝ Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2018թ.` Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների Ազատ Ղարիբյանի անվան ոսկե մեդալի, ապա՝ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի, 2020թ.՝ Վանուշ Խանամիրյանի անվան ոսկե մեդալի, 2021թ.` ՌԴ Հայերի միության շնորհակալագրի, 2022թ.՝ «Տարվա հայուհի», 2023թ.` «Ոսկե դափնի» մրցանակների: 2024թ․ նշանակվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր:

Spread the love