Նանե Խեչիկյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. նոյեմբերի 6-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: Առաջին անգամ 5 տարեկանում «Լազուր» ժողովրդական գործիքների նվագախմբի հետ ելույթ է ունեցել Ալավերդու մշակույթի պալատում։ Այնուհետև պարբերաբար ելույթներ է ունեցել նույն նվագախմբի հետ Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ 2010թ. մասնակցել է ՀՀ Լոռու մարզային Ժողովրդական նվագարանների և երգի-պարի 8-րդ փառատոնին՝ արժանանալով շնորհակալագրի։ 2011թ. Ուսանողական և երիտասարդական Լոռու մարզային ավանդական 9-րդ փառատոնին արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, ինչպես նաև Ալավերդու քաղաքապետարանի կողմից պատվոգրի։ 2012թ. Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Ալավերդու մանկական Արվեստի դպրոցի վոկալ և դաշնամուրային բաժինները։ 2013-17թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դասարանում։ 2016թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկրի կոչման։ 2017-19թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում։ 2017թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Անսամբլի կազմում 2018թ. մեկնել է համերգային հյուրախաղերի Իրան:

Spread the love