
Ծնվել է 1989թ. նոյեմբերի 26-ին, Երևանում: 1996թ. հաճախել է Սոֆի Դևոյանի պարի դպրոց, որտեղ ուսանել է իր մայրիկի` Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի Նաիրա Գզողյանի խմբում: Ուսման տարիներին մենապարերով հանդես է եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների շրջանակներում՝ ստանալով մի շարք մրցանակներ: 1997թ. ընդունվել է Երևանի Ս. Զորյանի անվան թիվ 56 ֆրանսիական միջնակարգ դպրոց: 2002թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժին: Ուսման տարիներին պարել է Փ․Սարգսյանի «Էրզրումի շորոր», Վ․Խանամիրյանի «Շալախո», «Կակաչներ», Հ․Խաչիկյանի «Արցախի» պարային բեմադրություններում: 2006թ. ավարտել է քոլեջը և ընդունվել աշխատանքի Հայաստանի պարի պետական անսամբլ: 2007թ. անսամբլի կազմում մեկնել է Մոսկվա, պարել Կրեմլյան պալատում տեղի ունեցած համերգին: 2008թ-ից որպես մենապարուհի հանդես է եկել Ռ. Խառատյանի «Քրմուհիներ», Վ.Խանամիրյանի «Իշխանապար», «Սիրո տեսարան», «Սրերով պար», Ն.Տոպոլյանի «Աբխազական», Ա.Քալաշյանի «Վաղարշապատի», «Արցախի», Գ.Կարապետյանի «Կոմիտասյան երանգներ. սեր, հույս, հավատ» պարային բեմադրություններում: Նույն թվականից դասավանդում է իր հիմնադրած պարային ստուդիայում: 2008թ. Մոսկվայի Կերմլյան պալատում մասնակցել է Հայաստանի պարի պետական անսամբլի 50-ամյակի հոբելյանական համերգին՝ հանդես գալով երեք մենապարերով: 2009թ-ից անսամբլի հետ հյուրախաղերով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Սիրիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Սաուդյան Արաբիա: 2023թ․ մենապարերով հանդես է եկել անսամբլի 65-ամյակի հոբելյանական համերգին: 2024թ. անսամբլի կազմում հյուրախաղով հանդես է եկել Սաուդյան Արաբիայի Աբղհա քաղաքում կայացած «Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին, իսկ Դիլիջան քաղաքում հանդես է եկել «Միմինո» հայ-վրացական միջազգային փառատոնի շրջանակներում: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: