Կարինե Հովհաննիսյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1966թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 1976թ-ից սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասարանում: 1982թ. ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, 1986թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ամբիոնի քանոնի բաժին: 1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և անմիջապես անցել աշխատանքի կոնսերվատորիայում որպես դասախոս (2004թ.՝ դոցենտ, 2010թ.` պրոֆեսոր): 1988թ. սկսվել է համերգային գործունեությունը Եվրոպական երկրներում՝ Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Բելգիա, ապա՝ ԱՄՆ, Կանադա, Մերձավոր Արևելք, հանդես գալով որպես մենակատար, ներկայացրել է հայկական դասական, ժողովրդական, աշուղական, եվրոպական դասական ստեղծագործությունները: 1988թ. դարձել է Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր և արժանացել 1-ին մրցանակին: 1993թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես քանոնահար: 2000թ. աշխարահռչակ թավջութակահար Յո-Յոմայի նախաձեռնությամբ մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» խորագրով Սմիթսոնյան միջազգային փառատոնին՝ արժանանալով 1-ին մրցանակին: 2000թ-ից «Շողակն» անսամբլի մենակատարն է: Անսամբլի հետ թողարկել է 5 ձայնասկավառակ, որտեղ ներգրավված են քանոնի մենանվագներ: «Շողակն» անսամբլի կազմում բազմաթիվ ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում, տեղի համալսարաններում անցկացրել է վարպետաց դասեր՝ ներկայացնելով հայկական ազգային նվագարանների դերն ու նշանակությունը: 2003թ. Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային փառատոնին՝ արժանանալով «Ոսկե քնար»-ի: Թողարկել է ձայնասկավառակներ` 1-ին ձայնասկավառակը 1992թ., 2-րդը` 2007թ.: Մենահամերգներ է ունեցել այնպիսի ճանաչված դահլիճներում ինչիսիք են Նյու Յորքի «Քարնեգի Հոլ», Ֆիլադելֆիայի «Քիմել Սենթր» և այլն: 2002թ-ից տարբեր երկրներում սիմֆոնիկ նվագախմբերի հետ ելույթ է ունեցել մենահամերգներով, որտեղ ներկայացել է Խաչատուր Ավետիսյանի 1-ին և 2-րդ կոնցերտները: 2011թ. Նյու-Յորքի «Սիմֆոնի Սփեյս» դահլիճում սիմֆոնիկ նվագախմբի հետ մենահամերգով հանդես է եկել «Աշխարհի կոնցերտներ» խորագրով համերգին: 2011թ. Լոս Անջելեսում «Փասադենա Աուդիտորիում» դահլիճում սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացել է մենահամերգով: 2015թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է  եկել Լիբանանում: 2016թ. Երևանում հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և ներկայացրել Գրիգոր Հախինյանի «Կոնցերտ քանոնի համար» ստեղծագործության պրեմիերան: Մի շարք մենահամերգներով հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրություններում: 2015թ. մենահամերգով հանդես է եկել Քաթարի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2014թ. Լիբանանում, որպես մենակատար, ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ձայնագրել և ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործությունները: Վերահրատարակելու ընթացքում խմբագրել է Խ.Ավետիսյանի 1-ին և 2-րդ ձեռնարկները: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Spread the love