Արմինե Ասատրյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1970թ. հունիսի 17-ին, ՀՀ Կապան քաղաքում: 1977-84թթ սովորել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 1979-84թթ՝ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում: Ուսման տարիներին մասնակցել է հանրապետական և մարզային փառատոների, համերգների: «Սայաթ-Նովա» մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին: Հանդես է եկել մարզային միջոցառումներում և որպեա քանոնահար, և որպես երգչուհի /սոպրանո/: 1984-88թթ սովորել է Կապանի երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների քանոնի դասարանում: Ուսանելու տարիներին նույնպես մասնակցել է մի շարք միջազգային և միութենական մրցույթ-փառատոների. Մոսկվայում 1986թ. արժանացել է «Մեծ մրցանակի», իսկ 1987թ. Ժող. տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում` ոսկե մեդալի: 1984-88թթ աշխատել է Կապանի մշակույթի պալատի ժողովրդական գործիքների համույթում որպես մենակատար-քանոնահար, 1987-88թթ՝ Կապանի մարզադպրոցում որպես գեղարվեստական մարմնամարզության խմբի նվագակցող: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական բաժնում /ղեկ. Ալվարդ Միրզոյան/: 1991-93թթ աշխատել է Հեռուստառադիո պետական վարչության «Հայասա» երգի-պարի համույթում որպես մենակատար-քանոնահար: Համերգներով հանդես է եկել Հայաստանի և ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում: 1991-94թթ աշխատել է Հայհամերգ միավորման «Կարին» համույթում որպես մենակատար-քանոնահար: Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, ՌԴ մի շարք քաղաքներում, Հայաստանի բազմաթիվ քաղաքներում: 1993թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես քանոնահար: Անսամբլի կազմում նույնպես մեկնել է համերգային շրջագայության արտասահմանյան երկրներ: 2005թ-ից համագործակցում է Արա Գևորգյանի երաժշտախմբի հետ, որի հետ հյուրախաղերով մեկնել է շրջագայությունների: 2008թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալում Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցում, սկզբում որպես քանոնի ուսուցչուհի, հետո` որպես  բաժնի վարիչ, այնուհետև` անսամբլի ղեկավար: 2012-17թթ աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարում որպես քանոնահար, իսկ 2018-ից համագործակցում է: 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի։

Spread the love