Արմեն Գրիգորյան

Փորձավար

Ծնվել է 1964թ․ նոյեմբերի 29-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1984թ․ ավարտել է Լենինգրադի Ա.Վագանովայի անվան պարարվեստի ակադեմիան: Նույն թվականին Մոսկվայում կայացած համամիութենական բալետային մրցույթում ներկայացրել է Ա.Վագանովայի պարարվեստի ակադեմիան և արժանացել դիպլոմանտի կոչման: 1983թ., որպես առաջին բեմել, Մարիինյան թատրոնում հանդես է եկել Պրինցի դերով Պ.Չայկովսկու «Շելկունչիկ» բալետում: 1984-2014թթ դասավանդել է դասական պար և զուգապար Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1986-88թթ ծառայել է անդրկովկասյան զինվորական երգի-պարի համույթում որպես մենակատար-ուսուցիչ: 1984-2005թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես առաջատար մենակատար: 1998թ. թատրոնում բեմադրել է Բիզե-Շչեդրինի «Կարմեն» բալետը: 1989թ․ և 1991թ. հրավիրվել է աշխատելու Մոնրեալի «Դասական բալետ» բալետային խումբ: 1993-95թթ և 2001-02թթ որպես մենակատար և ուսուցիչ-փորձավար ընդգրկվել է Իսրայելում Թել-Ավիվի «Դասական բալետ» և Հայֆայի «Հայֆա բալետ» բալետային խմբերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իսպանիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Հունաստանում և այլուր: 2005-07թթ հանդիսացել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերը: 2007-09թթ և 2014-17թթ աշխատել է Դոնի Ռոստովի երաժշտական թատրոնում որպես փորձավար-ուսուցիչ, իսկ 2015թ. հիմնադրել է «Զվարթնոց» ժողովրդական պարերի դպրոցը, որն արժանացել է ՌԴ հարավային երկրամասի ժողովրդական պարերի Գրան Պրի մրցանակի: 2009-14թթ եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենը: 2010-12թթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող «Դելփյան խաղեր» միջոցառման «Դասական պար» և «Ժամանակակից պար» ժանրերում հանդիսացել է սկզբում որպես ժյուրիի անդամ, այնուհետև` նախագահը: 2017-21թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 2014թ. Ռուսաստանի Դաշնությունում որպես ուսուցիչ-փորձավար արժանացել է բարձր կարգի որակավորման: 1984-2005թթ բալետային դերապարերից են` «Դոն Քիշոտ» (Բազիլ), «Ժիզել» (Ալբերտ), «Շելկունչիկ» (Արքայազն), «Թեմա վարիացիաներով» (Թեմա), «Գայանե» (Կարեն, Արմեն), «Հերոսական բալլադ» (Նա), «Կոպելիա» (Ֆրանց), «Ձյունե թագուհի» (Կայ), «Մոցարտիանա» (Մոցարտ), «Մոխրոտիկ» (Արքայազն), «Կարմեն» (Խոսե, Սպա), «Գուրա Լիդեր» (Գուրա), բազմաթիվ այլ մենապարեր և համերգային համարներ: 2006թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2024թ-ից Հայաստանի պարի պետական անսամբլի փորձավարն է։

Spread the love