Գագիկ Կարապետյան

Գլխավոր բալետմայստեր

Ծնվել է 1951թ. հունիսի 13-ին, Երևանում: Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին է: 1968թ. ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը: 1968-70թթ աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972թ-ից` Հայաստանի Պարի պետական անսամբլում` որպես պարող: 20 տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 30 երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից: 1978թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ` ղեկավարելով մի շարք սիրողական խմբեր: 1992թ. հրավիրվել է Հայաստանի Պարի պետական անսամբլ` որպես գլխավոր բալետմայստեր: Բեմադրություններից են` «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարեր», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլն: 1999-2003թթ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դասախոս: Նույն տարիներին դասավանդել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1987թ-ից համագործակցում է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է 6 համերգային ծրագիր: 2002թ. հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային «Սարդարապատ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է մի ամբողջ համերգային ծրագիր: 2005թ․ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը։ Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական թատրոնների հետ` իրականացնելով ավելի քան 40 ներկայացումներ, պարերի բեմադրություններ` «Հավատք», «Էդմոնդ Քիմ», «Մեծ անտառի զավակները», «Արքայազնը և աղքատը», «Սեր ծփիների տակ», «Վերադարձ Սորենտո», «Կինը անձրևից հետո», «Պատվի համար», «Եղեգնուհի», «Ծեր կնոջ այցը», «Լիսիստրատե», «Ատամնաբույժն արևելյան», «Պարտիզպանի շունը», «Սեր մինչև մահ», «Եզոպոս», «Պաղդասար աղբար», «Անտիգոնե», «Համլետ», «Օֆելյա», «Վերջին ծաղրածուն» և այլն: 2005-07թթ եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2011թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: 2014թ. հրավիրվել է Բուենոս Այրեսի «Գայանե» պարախումբ: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2024թ․ նշանակվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր:

Spread the love