85-ամյա կոլեկտիվը Վանաձորում էր

85-ամյա կոլեկտիվը Վանաձորում էր

Սեպտեմբերի 9-ին, Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) 85-ամյակի համերգը։ Երկու բաժնից բաղկացած համերգային ծրագիրը հագեցած էր մեկդարյա պատմություն ունեցող անսամբլի ոսկե ֆոնդ համարվող մշակումներով և բեմադրություններով, ինչպես նաև՝ նորացված երկացանկով:

Վանաձորյան հանդիսատեսին ներկայացվեցին ազգային երգ ու պարի շարան «Նավասարդ», Կ.Պետրոսյանի «Հայաստան», ժողովրդական «Շալախո», «Գյուլում ջան», «Հոպշուրմա», «Զուռնի տրնգի», «Կենաց երգ», «Ղափամա», «Հայոց աղջիկներ», Ա.Բաբաջանյանի «Էլեգիա», Գ.Հախինյանի «Որսորդների պարը», Վ.Կոտոյանի «Սևանի ձկնորսների պարը», Հ.Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ», Խ.Ավետիսյանի «Հոտաղների պարը», Ռ.Աբրահամյանի «Ելեք հայկազունք», Ա.Խաչատրյանի «Լեռնցիների պարը» և այլ ստեղծագործություններ:

Համերգային ծրագրին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանը, ով մինչ համերգը սկսվելը հանդիպեց արտիստներին և ղեկավարությանը, շնորհավորեց նրանց և մաղթեց հաջող մեկնարկ:

Անսամբլի 85-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորագիրն էր ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը:

Քանի որ այս տարի իր 65-րդ հոբելյանն է նշում նաև Հայաստանի պարի պետական անսամբլը, վաստակաշատ կոլեկտիվները համատեղ համերգային ծրագրով կներկայանան նաև երևանյան հանդիսատեսին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Միջոցառումը կազմակերպել էր «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ:

Spread the love