Հայաստանի պարի պետական անսամբլը Գյումրիում է

Հայաստանի պարի պետական անսամբլը Գյումրիում է

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։

Սեպտեմբերի 8-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Հայաստանի պարի պետական անսամբլի 65-ամյակի համերգը: Անսամբլի նորանշանակ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ ներկայացվեցին ինչպես ծանոթ, այնպես էլ նոր բեմադրություններ: Հոբելյանական տարվա համար վերականգնվել են պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել անսամբլի պարացանկում։ Ցուցադրվեց նաև նոր ստեղծված փաստավավերագրական ֆիլմ՝ անսամբլի 65-ամյա պատմության մասին։ Ֆիլմում նկարահանվել են Պարի պետական անսամբլում իրենց պարային ուղին հարթած և անսամբլին մեծ ճանաչում ու սեր բերած պարուհիներ Սոֆի Դևոյանը, Կարինե Ղազարյանը, Աիդա Հարությունյանը և Սրբուհի Բաբայանը:

Ներկայացվեցին հայկական ավանդական «Բերդ» պարը, Խ.Ավետիսյանի «Արցախի», «Կինտոների պար», «Կակաչներ», ժողովրդական «Սարդարապատ» պարը, Ա.Աճեմյանի «Ծովինար», Ա.Խաչատրյանի «Լեզգինկա», «Սուսերով պար», աբխազական ժողովրդական «Կովկասյան պար», «Յարխուշտա», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», հայկական ավանադական «Քոչարի» և այլ պարեր:

Քանի որ այս տարի իր 85-րդ հոբելյանն է նշում նաև «Ալթունյան» անսամբլը (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ), վաստակաշատ անսամբլները համատեղ համերգային ծրագրով կներկայանան նաև երևանյան հանդիսատեսին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Միջոցառումը կազմակերպել էր «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ:

Spread the love