Արթուր Շահնազարյան

Երաժշտական ղեկավար

Ծնվել է 1958թ. հուլիսի 16-ին, Հայաստանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1986թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական, խմբավարական և երաժշտագիտական բաժինները: 1986-88թթ աշխատել է  ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության և կուլտ. լուս. աշխ. գիտամեթոդական կենտրոնի ազգագրության և բանահյուսության բաժնում որպես ավագ գիտաշխատող: 1988-94թթ եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետի վարիչը: 1993-94թթ համերգ-դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում: 1995-97թթ եղել է ՀՀ կրթության նախարարության Ծրագրամեթոդական վարչության պետը: 1998-99թթ աշխատել է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունում որպես Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման վարչության պետ, 1985-92թթ, 1993-2002թթ, 2005-07թթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես երգ-երաժշտության ուսուցիչ, արվեստագիտության ուսուցիչ, ուսումնական մեթոդիկայի մասնագետ: Հրատարակել է գիտական ստվարածավալ աշխատություններ հայ միջնադարյան խազաբանության, մշակութաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ: Կոմիտասագետ է: Եղել է մի շարք փառատոների և մրցույթների ժյուրիի նախագահ, կազմակերպել է համերգներ և երաժշտական ներկայացումներ Երևանի բոլոր պետական դահլիճներում: Համերգ-դասախոսություններով և կրթական ծրագրերով եղել է Ռումինիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում: 2014թ․ «Cultural Renaissance» մշակութային կազմակերպության միջոցով կազմել է արական երգչախումբ և ձայնագրել հայ հոգևոր երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 60 շարական, 24 տաղ և մեղեդի, իսկ կազմակերպության ծրագրի շրջանակներում հավաքագրել է երգիչների ու ձայնագրել է հայ ժողովրդական երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 350 երգ, 80 նվագ: Հեղինակել է միջնադարյան եկեղեցական, հայ ժողովրդական և այլ երաժշտական մի շարք ստեղծագործություններ, որոնցից են՝ «Միջնադարյան խազարվեստը հայ երաժշտական մշակույթի համակարգում» (հինգ հատոր, «Առոգանություն», 1990թ., «Ձայնեղանակներ», 2016թ., «Տաղաչափություն», 2018թ., «Խազեր», 2019թ., «Վերծանություն», 2020թ.), «Խազերի Կոմիտասյան վերծանության հայտնությունը» (2000թ.), «Խազերից վերծանված երգերի ձայնագրություններ» (ձայնագրված Սաղմոսավանքում, Երևանի պետական կամերային երգչախումբի կողմից, կից գիրքը հայերեն և անգլերեն՝ «Շարական խազագրեալ», թարգմանությունը` Վաչե Պարսումյանի, 2013թ․), «Ժողովրդական երգերի և պարեղանակների գրառումներ» (Հայաստանի գյուղերից), «Հայկական թմբուկի ռիթմերը», «Սրինգի նվագների գրառումներ», «Հայկական հարսանյաց ծեսը» (300-ից ավելի երաժշտական նշումներ, ծեսի նկարագրություններ), Հայ ժողովրդական երաժշտության անթոլոգիա-ցուցակներ՝ բաժանված ըստ տեսակների, տեղավայրերի և այլն, «Սասնա ծռեր» էպոսի ավանդական մեղեդիների հավաքագրում, գյուղերում 110 պարի նկարահանում (արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի պատվերով), «Կոմիտաս» (կյանքը և գործը, 2015թ․), «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» (2019թ․), ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի համար, «Զանգի» երգչախմբային պոեմ (խոսք՝ Խ․Աբովյանի), Վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար, Կանտատ «Եղծ աղանդոց» (ըստ Եզնիկ Կողբացու, 4 մաս), «Նավասարդ» նախաքրիստոնեական ծեսը (երաժշտական մեծ ներկայացում նվագախմբի և երգչախմբի համար), դաշնամուրային գործեր, խմբերգեր՝ ըստ Գ․Նարեկացու պոեմի, «Տաղ» լարային նվագախմբի համար, դաշնամուրային կվինտետ, դաշնամուրային սեքստետ, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետ (բաղկացած 110 համարից, ձայնագրվել է 2008-09թթ), զանազան խմբերգեր, «Ռեքվիեմ» երգչախմբի և լարային նվագախմբի համար (խոսք՝ Ռազմիկ Դավոյանի)։ Հեղինակել է նաև կրթական ու մշակութային աշխատություններ, կրթական այլ ծրագրեր, հոդվածներ․ «Է Արար» (1991թ․, կրճատ տարբերակ, 2011թ․, ամբողջական տարբերակ, նախաքրիստոնեական հայ մշակույթը), «Երգ ու բան» (1989թ․, տնային աշխատանքային երգերը և աշխատանքի նկարագրությունները), «Երգ ու հաց» (1990թ․, հողագործի աշխատանքային երգերը, հացի արարման յոթ փուլերը՝ նկարագրություններով), մանկական ժողովրդական երգեր «Խնկի ծառ», (1991թ., 2008թ.), մանկապատանեկան ժողովրդական երգեր «Կաքավիկ» (101 երգ, 2008թ․), «Երգը և երաժշտությունը մանկապարտեզում» ծրագիր (2001թ.), մանկական ժողովրդական երգեր՝ մանուկների կատարմամբ «Կաքավիկ» (երգարանով, 21 երգ, 2007թ․), «Արև» (արևի մասին երգեր, ավանդություններ, առածներ և այլն)։ Հրատարակել է նաև բազմաթիվ հոդվածներ, Կոմիտասի անտիպ երաժշտագիտական նյութերը։ Սկզբունքորեն հրաժարվել է որևէ տեսակի կոչումից և մրցանակներից: Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ է: 2016թ-ից ՀՀ մշակույթի նախարարության «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարն է, որը հետագայում ներառվել է ՀՀ ԿԳՄՍ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում:

Spread the love