Նորայր Մեհրաբյան

Գեղարվեստական խորհրդական

Ծնվել է 1941թ. հունվարի 4-ին, Երևանում: Յոթ տարեկան հասակում ընդունվել է պարարվեստի պետական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մենապարող: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962թ.), Պ.Չայկովսկու «Կարապի Լիճ» (Ծաղրածու, 1960թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964թ.), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Փեսացու, 1960թ.), Ի.Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961թ.), Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963թ.), Բ.Սակելարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963թ.), Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964թ.), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (Ծաղրածու, 1965թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (Սև ուժ, 1965թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966թ.), Գ.Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967թ.) և այլն: 1970թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83թթ եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ.Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա.Խաչատրյանի «Ռուսական պար», Խ.Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն: 1984-86թթ եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը: 1987թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը: Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ.Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա.Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլ բեմադրություններում: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.՝ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2011թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի, 2020թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

Spread the love