Արմեն Գրիգորյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1971թ. մայիսի 19-ին, Երևանում։ 1988թ․ ավարտել է Երևանի Սիմակ Սահակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել և ավարտել է Ա․Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցի դուդուկի դասարանը։ Ուսումնառության տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների՝ արժանանալով դափնեկրի կոչման։ 1988-93թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի դուդուկի դասարանում։ 1988-92թթ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում որպես երաժիշտ, 1988-89թթ՝ Երևանի Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում որպես դուդուկի դասատու, 1989-93թթ՝ Ա.Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցում որպես դուդուկի դասատու։ 1994-96թթ դուդուկ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում։ 1992-2002թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես կոնցերտմայստեր և մենակատար։ 2017թ-ից համատեղության կարգով դասավանդում է Երևանի Ա․Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցում որպես դուդուկի դասատու։ Հանրային ռադիոյի ձայնադարանում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Հյուրախախերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկներում՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը: 2002թ. համաշխարհային ճանաչում ունեցող «Նաքսիս Վորլդ» ընկերության կողմից ԱՄՆ-ում թողարկվել է նրա «Հայաստանի ձայնը» ձայնասկավառակը։ 2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։

Spread the love