Հովհաննես Հայրիկյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է  1978թ. հուլիսի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1985-93թթ սովորել է տեղի Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: 1987-92թթ սովորել է Լենինականի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի քամանչայի լրիվ դասընթացը (դասատու՝ Կարինե Ժամկոչյան): 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ժամանակավորապես ուսումը շարունակել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի դպրոցում: 1990թ. մեկնել է Բուդապեշտ վերապատրաստման դասընթացների: 1992թ. մասնակցել է «Ամադեուս» փառատոնին, որից հետո աշուղ Իգիթի հետ մեկնել է համերգային շրջագայությունների Հայաստանի մարզեր ու քաղաքներ, Վրաստան և Ջավախք: 1993-97թթ սովորել է Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական նվագարանների քամանչայի դասարանում (դասատու՝ Վարուժան Հակոբյան), 1997-2002թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քամանչայի և դիրիժորության բաժիններում: 2002-04թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Երևանի Հատուկ Գնդում: 1995թ. աշխատել է Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբում որպես քամանչահար: 2000թ. եղել է ՀՀ ԿԳՆ և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Հույսի շող» անսամբլի դիրիժոր: 2001թ. աշխատել է «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում որպես քամանչահար: 2002-10թթ հանդիսացել է «Հայ աշուղներ» անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2004թ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների նվագախմբում որպես քամանչահար և կոնցերտմայստեր: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար: Նույն թվականից միաժամանակ աշխատել է Գավառի երաժշտական դպրոցում որպես ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար և դասատու (քամանչա, ջութակ): 2007թ. «Կռունկ» և «Սասուն» պարային խմբերի կազմում որպես քամանչահար մեկնել է համերգային շրջագայությունների Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան և  Թուրքիա, մասնակցել միջազգային փառատոնի և արժանացել է առաջին կարգի դիպլոմի: 2009թ-ից աշխատում է ՀՀ Արարատ քաղաքի Ղ.Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում որպես ժողովրդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր և քամանչայի, ուդի ու թառի դասատու: Արժանացել է շնորհակալագրերի, դիպլոմների, պատվոգրերի: 2010թ-ից ղեկավարում է «Հավասի» երիտասարդական աշուղական անսամբլը: 2011թ-ից աշխատում է Երևանի Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես ժողովրդական բաժնի ղեկավար, նվագախմբի դիրիժոր և դասատու (քամանչա, թառ, ուդ): 2012-13թթ ուսումնական տարում ճանաչվել է «Լավագույն մանկավարժ»: 2013թ. լինելով «Հմայլ» խմբի գեղարվեստական ղեկավարը՝ մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյակին նվիրված ավանդական երգի և պարի փառատոնին, արժանացել պատվոգրի: 2013-16թթ աշխատել է Սպիտակի երաժշտական դպրոցում որպես նվագախմբի դիրիժոր և դասատու (քամանչա, ուդ, թառ): Նույն թվականին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ մասնակցել է Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերին: 2015թ. հիմնադրել է «Տոնիկա» ժողովրդական նվագարանների անսամբլը: Խմբի հետ 2016թ. մասնակցել է Լեհաստանի Կելցե քաղաքում կազմակերպած միջազգային փառատոնին և ստացել առաջին ոսկե մրցանակ: 2017թ. «Արտ Մյուզիք» արվեստի հանրապետական 8-րդ մրցույթ-փառատոնին «Ազգային նվագարանների համույթ» անվանակարգում և Կրասնոյարսկի միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է առաջին կարգի մրցանակների: Հեղինակել է «Արևելյան պատկերներ», «Մտորումներ», «Արա-Լուս» և այլ նվագախմբային ստեղծագործություններ, մշակումներ: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2016թ.՝ ՀՀ Երախտագիտության մեդալի:

Spread the love