Էլեն Ավետիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1999թ. սեպտեմբերի 25-ին, ՀՀ Աբովյան քաղաքում: Չորս տարեկան հասակից հաճախել է «Հուշեր» պարային ստուդիա: Նախնական կրթությունն ստացել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2007թ-ից մենապարով մասնակցել է մի շարք մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների, արժանացել Գրան Պրի, առաջին և երկրորդ մրցանակների: 2012թ․ ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական պարերի բաժին: Քոլեջում սովորելու տարիներին ընդգրկվել է «Մարդուկ-Ջարդուկ» և «Դոն Կիխոտ» բալետների մեջ: 2016թ․ ավարտել է քոլեջը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժություն բաժին: Նույն թվականին աշխատանքի է անցել «Գոհար» երաժշտապարային անսամբլում որպես պարուհի: Հանդես է եկել մենապարերով՝ «Կապույտ երազ», «Հայոց կռունկ», «Երկու կռունկ», «Լիբերտանգո», «Նազանի», «Վալս» պարերում: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում՝ Վրաստան, Ռուսաստան, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա, Պորտուգալիա, Իսպանիա, Թուրքիա: 2018թ․ հրավեր է ստացել Բեյրութի «Կարակալլա» պարային թատրոնից, իսկ 2022թ․ Չեչնիայի «Վայնախ» պարի պետական անսամբլից: 2019թ. Աբովյան քաղաքում հիմնել է պարային ստուդիա: 2021թ. ավարտել է համալսարանը: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love