ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՋԱՀԱՆԳԻՐ ԱՂԱՅԻ 150 ԱՄՅԱԿԻՆ

ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՋԱՀԱՆԳԻՐ ԱՂԱՅԻ 150 ԱՄՅԱԿԻՆ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:

Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջահանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:

Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։

Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։

Եզդի զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, մենակատարներ Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում գործունեություն ծավալող պարի խմբեր ու անհատ վոկալ կատարողներ։

Spread the love