Ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ. ստորագրվեց համագործակցության պայմանագիր

Ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ. ստորագրվեց համագործակցության պայմանագիր
Հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն։ Գործընթացի մեկնարկը տրվեց համագործակցության պայմանագրով, որը ստորագրեցին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան արդեն տարբեր միջոցառումների շրջանակում առիթ ունեցել է համագործակցելու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ։ Հետևաբար` համագործակցությունը նոր չէ, պարզապես պայմանագրի ստորագրմամբ այն ավելի բարձր հիմքի վրա է դրվում, ինչպես նաև նախանշում, որ առաջիկայում շատ ակտիվ ծրագրեր են իրականացնելու ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու ուղղությամբ։
«Տուրիզմը միայն տնտեսական բաղադրիչ չունի, այն շատ կարևոր սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական նշանակություն ունի։ Զբոսաշրջության ոլորտն ունի մեծ հնարավորություններ հայ ժողովրդի ամբողջ մշակութային բազմազանությունը պատշաճ ներկայացնելու համար։ Մենք կարող ենք նաև նպաստել միջմշակութային երկխոսությանը։ Ինչպես գիտեք, մենք համատեղ զբոսաշրջային փառատոններ ենք անցկացնում Իրանի, Վրաստանի հետ և լավ առիթ է ներկայացնելու մեր ազգային պարն ու երաժշտությունը, ինչը և արել ենք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Մեխակ Ապրեսյանը։
2022 թվականին կառավարության որոշմամբ վաստակավոր կոլեկտիվներն ու անսամբլները միավորվեցին, արդյունքում ստեղծվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Նպատակը հայկական ժողովրդական և ազգագրական մշակույթը ավելի հանրայնացնելն ու միջազգայնացնելն է։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց, որ այդ ուղղությամբ դժվար պայմաններում աշխատում են։ Առայժմ տարածքային խնդիր ունեն, սակայն ԿԳՄՍ նախարարության հետ աշխատանքներ են տարվում և ակնկալվում է, որ այն շուտով կլուծվի։
«Շատ կարևորում եմ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ պայմանագրի ստորագրումը։ Ինչպես նշվեց, մենք արդեն համագործակցության փորձ ունենք միմյանց հետ։ Հիմա արդեն համատեղ հանդես կգանք նոր գաղափարներով ու ծրագրերով։ Ակնկալվում է, որ մեր պարային և երաժշտական անսամբլների համերգները կներառվեն տուրիստական փաթեթներում՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով հայկական մշակույթը»,-ասաց Արմեն Սարգսյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ նկատեց, որ արտերկրում տուրփաթեթներ վաճառող Հայաստանի տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր է սպասվող միջոցառումների ժամանակացույցի կանխատեսելիությունը։ Տուրիստական ընկերություններն արդեն վաճառում են 2025 թվականի համար նախատեսված տուրերը և չափազանց կարևոր է, որ իրենք այսօր հստակ իմանան հաջորդ տարվա համերգների, փառատոների մասին։ Այս բացը լրացնելու համար աշխատանք ևս տարվում է։
Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ դարձնելը կհարստացնի տուրիզմի ոլորտի առաջարկները։
Նյութը: Armenpress.am կայքից
Spread the love