«Բարեկամություն»-ը ամփոփեց 2023-ը

«Բարեկամություն»-ը ամփոփեց 2023-ը

Դեկտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի տարեվերջյան մենահամերգը, անսամբլն ամփոփեց 36-րդ համերգաշրջանը։

Տարվա նշանակալից մեկնարկը տրվեց «Շամիրամի տեսիլքը» երաժշտական ներկայացմամբ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ պարացանկը համալրվեց ևս մեկ պրեմիերայով՝ «Փարաջանովը բանտում»։

Մենապարի առաջնախաղը տեղի ունեցավ հունիսի 11-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Ոսկե Ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Անսամբլն ակտիվ էր նաև արտագնա համերգներով։ Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում անսամբլը մասնակցեց հայ-վրացական «Միմինո» խոհանոցամշակութային փառատոնին, որն ի դեպ Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, իսկ օգոստոսի 1-5-ը անսամբլն իրեն հատուկ կատարողական բարձր արվեստով հանդես եկավ Գյումրի քաղաքում կայացած համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

«Բարեկամություն» անսամբլի համար տարվա ամենամեծ նվաճումը Հունաստանի Ագրինիո քաղաքում կայացած Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնն էր, որի շրջանակներում անսամբլը փայլուն հանդես եկավ մի քանի համերգներով և վերադարձավ դիպլոմով և պատվոգրով։

Դեկտեմբերի 18-ին կայացած ամփոփիչ համերգի ընթացքում անսամբլն իր հանդիսատեսին ներկայացրեց ևս մեկ պրեմիերա՝ Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Մոցարտ Ռեքվիեմ» պարային բեմադրությունը։

Համերգային ծրագրի բազմաժանրությունը խոսում է այն մասին, որ պահպանելով ազգայինը, դասականը, ժողովրդականն ու աշուղականը, անսամբլը քայլում է ժամանակին համընթաց՝ պարացանկում ունենալով ժամանակակից բազմաթիվ բեմադրություններ։

Spread the love