ԱԼԹՈՒՆՅԱՆ պետական անսամբլը 85 տարեկան է

ԱԼԹՈՒՆՅԱՆ պետական անսամբլը 85 տարեկան է

Դեկտեմբերի 4-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի հոբելյանական երեկոն՝ նվիրված անսամբլի հիմնադրման և ստեղծագործական գործունեության 85-ամյակին։

Երեկոյի ընթացքում ֆիլմաշարի տեսքով հանդիսատեսին ներկայացվեց անսամբլի անցած տարիների բեղմնավոր ճանապարհը, ձեռքբերումներն ու մինչ օրս մեզ հասած արժեքները, անդրադարձ եղավ նաև հայ մեծանուն արվեստագետների կյանքին, ովքեր իրենց մասնագիտական ճանապարհի առաջին քայլերն արել են անսամբլում: Անսամբլը մինչս օրս էլ հավատարիմ է իր առաքելությանը՝ միավորել ժողովրդական և ազգային երգը, պահպանել ազգային պարն ու գործիքային մշակումները։

Ծրագրում ներառված էին պարային լավագույն կատարումներ, որոնք առավել ընդգծեցին անսամբլի պարային արտիստների պրոֆեսիոնալիզմը, խմբերգային և գործիքային լավագույն մշակումները։ Գործիքային երաժշտության վարպետները ևս տպավորիչ ելույթ ունեցան։ Թե մենակատարները, թե նվագախումբը իր կատարումներով փայլեցին բեմում՝ ընդգծելով իրենց բարձ կատարողական արվեստն ու պրոֆեսիոնալիզմը։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի 85-ամյակի և անսամբլում երկարամյա ու նվիրված աշխատանքի համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց անսամբլի մի շարք արտիստների ու երաժիշտների, իսկ անսամբլը 85-ամյակի կապակցությամբ Հայաստանի Երաժշտական ընկերության կողմից արժանացավ «Թաթուլ Ալթունյան» հուշամեդալի։

Spread the love