Վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

Վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

Հոկտեմբերի 29-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկնակի տոնական տրամադրություն էր։ «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի շնորհիվ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայկական երկու ամենամեծ պետական անսամբլները լեփ-լեցուն դահլիճում հանդես եկան համատեղ հոբելյանական համերգով։ Ժողովրդարական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլն (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) այս տարի նշում է հիմնադրման 85-ամյակը, իսկ կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը՝ հիմնադրման 65-ամյակը։

Երեկոյի ընթացքում անսամբլները ներկայացան իրենց բոլոր ժամանակների լավագույն պարային համարներով․ ներկայացվեցին հայկական պարարվեստի վարպետներ Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի, Հովհաննես Խաչիկյանի և այլոց պարային բեմադրությունները։

Ժողովրդարական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը պարարվեստում երկարամյա և նվիրված աշխատանքի համար պատվոգրեր հանձնեց «Ալթունյան» անսամբլի մենապարող Դավիթ Մելիքյանին և Պարի պետական անսամբլի մենապարող Արթուր Զաքարյանին։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանը, ով «Ալթունյան» անսամբլին հանձնեց Ազատ Ղարիբյանի անվան հուշամեդալ, իսկ Պարի պետական անսամբլին՝ Վանուշ Խանամիրյանի անվան հուշամեդալ։ Նշենք, որ անսամբլները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս տարվա դեկտեմբերի 4-ին և 28-ին հանդես են գալու առանձին համերգներով՝ նվիրված իրենց հոբելյանական տարվան։

Spread the love